Հայ 5 բռնցքամարտիկներ անցել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էլիդա Քոչարյանը դուրս է եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։
Նշվում է, որ եզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։
«Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես համառ պայքարում ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասավ տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային։ Նա և Ռուսլան Ասլիկյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում են ու կփորձի պաշտպանել տիտղոսը:
Առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։