Երևանի Քոչարի փողոցի ավտոլվացման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին դանակահարած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 14.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ Զարյան փողոցից «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ: Նա բժիշկների հայտնել է, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ Քոչարի փողոցի ավտոլվացման կետում վիճաբանություն է եղել ավտոլվացողներ՝ 34-ամյա երիտասարդի և 17-ամյա տղայի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա վերջինս դանակահարել է 34-ամյա գործընկերոջը:
«Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 17-ամյա պատանին իրենց գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: