ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով 130-140 գառ և ոչխար է սատկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շատվանի վարչական ղեկավար Արսեն Մինասյանը։
Հայտնել էինք, որ այսօր առավոտյան Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրեն պատկանող անասնագոմ, սատկած է հայտնաբերել 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին:
Շատվանում գայլը ոչխարի հոտ է հոշոտել
© Sputnik
Արսեն Մինասյանի խոսքով` Հակոբյանին հասցվել է շատ մեծ չափի, մոտ 7-8 միլիոն դրամի վնաս։
«Մասնավորապես 10 գառ է սատկած, 70 հատ մայր ոչխար, 50–60 հատ էլ վիրավորված են, դե գայլի խփածը սատկածի նման է, դա էլ չի բուժվում»,–ասաց համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել գիշերը 4–ից հետո։ Տան բակը ցանկապատված է, գոմը կպած է բակին, բայց որ գիշերները այդքան շատ անասուն գոմը չլցվեն, չշոգեն, այս սեզոնին դրսում է պահել։
Քաղաքապետարանում հանձնաժողով է կազմվել, անասնաբուժարանից, ՍԱՏՄ–ից եկել նկարել են, արձանագրություն են կազմել, որը հանձնաժողովն ու քաղաքապետը հաստատել են և ուղարկել մարզպետարան։
Շատվանում գայլը ոչխարի հոտ է հոշոտել
© Sputnik
«Հիմա սպասում ենք, հետագան կառավարության քայլն է, սպասում ենք պատասխանին։ Ինչքանով կարողացել է (տուժող Հակոբյանը) ստեղծել է, հասցրել է այդ քանակին` իր ընտանեկան բիզնեսն է։ Հույս ունենք, որ այսքան ցավալի ու մեծ տույժը կհատուցվի»,–ասաց Մինասյանը։
Գայլեր այս տարածքում շատ են լինում, իրենց որսն են անում, և ժամն անգամ կապ չունի։ Օրեր առաջ գյուղի մոտակայքում գայլը հորթի էր վնաս հասցրել, սակայն նման ծավալի դեպք առաջին անգամ է լինում։
Շատվանում գայլը ոչխարի հոտ է հոշոտել
© Sputnik