«Wildberries»-ի հիմնադիրն ու նրա ամուսինը չեն ներկայացել դատարան՝ ամուսնալուծության հարցով

Դատական նիստն անցկացվել է դռնփակ։ Լրագրողներին թույլ չեն տվել որևէ նկարահանում իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը և նրա ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, չեն ներկայացել Մոսկվայի Սավյոլովսկու դատարան՝ ամուսնալուծության գործընթացի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Wildberries»-ի հիմնադիրը հուլիսի վերջին Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծվելու դիմում էր ներկայացրել դատարան։ Գործով լսումները դատարանում տեղի ունեցան սեպտեմբերի 12-ին փակ ռեժիմով։ Ամուսինները դատարան չէին եկել՝ սահմանափակվելով իրենց փաստաբաններին ուղարկելով: Տատյանայի ներկայացուցիչներն այն ժամանակ հրաժարվել էին մեկնաբանություններից, իսկ Վլադիսլավի փաստաբանը պարզաբանել էր, որ դատարանը գործին կվերադառնա հոկտեմբերի 16-ին և նախնական լսումներ կանցկացնի:
Բակալչուկը բացատրել է, թե միաձուլումից հետո ինչ ճակատագիր է սպասում «Wildberries»–ին
Այսօր տեղի է ունեցել ամուսնալուծության գործով նախնական դատական նիստը։ Զույգը սահմանափակվել է փաստաբաններին դատարան ուղարկելով։
«Դատարանն այս գործով ևս մեկ նախնական դատական նիստ է նշանակել հոկտեմբերի 23-ին»,- լրագրողներին ասել է Բակալչուկի ներկայացուցիչ Ելենա Կովալևան։
Դատական նիստն անցկացվել է դռնփակ։ Լրագրողներին թույլ չեն տվել որևէ նկարահանում իրականացնել։
Դատարանը պետք է որոշի ինչպես ամուսնալուծության, այնպես էլ համատեղ ունեցվածքի՝ ներառյալ «Wildberries» ընկերության բաժանման հարցը։ Ինչպես ավելի վաղ բացատրել էր Կովալևան, Վլադիսլավ Բակալչուկը պնդում է, որ դատարանը նրանց չամուսնալուծի և ընտանիքը պահպանվի։
«Wildberries»–ի կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել Վլադիսլավ Բակալչուկին և ևս 6 անձի
Հիշեցնենք` զուգը 7 երեխա ունի։ Վլադիսլավ Բակալչուկը հուլիսի 23-ին հայտարարել էր, որ ապրիլին Տատյանան հեռացել է տնից, իսկ ամռանը ինքը հեռացվել է «Wildberries»–ում աշխատանքից։ Տատյանա Բակալչուկը հաստատել էր այս տեղեկությունը և ափսոսանք հայտնել, որ Վլադիսլավը հանրայնացրել է իրենց խնդիրները։ Տատյանան ընդգծել է, որ անձնական կյանքը յուրաքանչյուրի գործն է։