Սա Քյարամյանի դեբյուտն էր ԱԺ–ում, հաջորդ անգամ ավելի պատրաստված կլինի. Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Արգիշտի Քյարամյանի պահվածքի մասին խմբակցությունում քննարկում չի եղել, սակայն անպայման անդրադարձ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ, Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ կարելի է սուր բաներ ասել, սակայն հակադարձելուց չպետք է անձնական վիրավորանքների դաշտ մտնել։ ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ երեկ կրքերը թեժացել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։ Անգամ փոխադարձ վիրավորանքներ են հնչել։
Հայտնի է` ով է «սև շորերով պատգամավորը» և Քյարամյանից բացի էլ ումից է ուզում ազատվել ՔՊ–ն
Քոչարյանի խոսքով` բարեվարքությունն ու պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքը պետք է լինի ուժային բոլոր կառույցներում։
Արդյոք ՔՊ խմբակցությունում քննարկո՞ւմ եղել է Արգիշտի Քյարամյանի պահվածքի մասին, Քոչարյանը նշեց, որ չի եղել նման քննարկում, սակայն անպայման անդրադարձ կատարվելու է։
«Նման կառույցի բոլոր ղեկավարները բարեվարքությունը պետք է պահպանեն։ Աղազարյանն, ի վերջո, տարիքով մեծ է, պետք էր հարգալից լինել… Հիմա Աղազարյանն առավոտից իրիկուն մեզ էլ է անհարմար վիճակի մեջ դնում, այդպես որ լիներ, ուրեմն բոլորս պետք է դանակը առնենք ու Աղազարյանին դանակահարենք։ Այդպես չի լինում։ Հիմա պատգամավոր է, սուր կարծիք է հայտնել, ու երբեք չպետք է պատգամավորին ենթարկել ճնշման` իր տղայի հետ կապված քրեական ինչ–որ հոդվածների համար։ Ինձ համար դա անընդունելի է»,– ընդգծեց Քոչարյանը։
Նրա խոսքով` Քյարամյանն առաջին անգամն էր գալիս խորհրդարանական նման լսումների։
«Դա իր դեբյուտն էր, ու հաջորդ անգամ պարոն Քյարամյանն ավելի պատարստված կլինի ու ԱԺ–ում շփումների ընթացքում կհասկանա` ինչ է նշանակում պառլամենտ»,– հայտարարեց ՔՊ պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրեց խորհրդարանական լսումներ, որին ներկա էին ուժային բոլոր կառույցների ներկայացուցիչները։ Պատգամավորների մեծ մասը բացակայում էին դահլիճից։ ՀԿ հատվածից ևս քիչ ներկայացուցիչներ էին ներկա։