ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. «Հյուսիս» խմբավորումը մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի 9 հակագրոհ է հետ մղել Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Նախորդ օրվա ընթացքում խմբավորման ստորաբաժանումները հետ են մղել հակառակորդի 9 հակագրոհ Զելյոնի Շլյախ, Լյուբիմովկա, Նիժնի Կլին, Նովոիվանովկա և Պլյոխովո բնակավայրերի ուղղությամբ։ Արդյունքում, Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 70 մարդ (սպանված և վիրավոր), ոչնչացվել են տանկ, հետևակի մարտական մեքենա, յոթ մարտական զրահապատ մեքենա և երկու ավտոմեքենա: Ուկրաինայի զինված ուժերի վեց զինծառայող գերի են ընկել», - ասված է գերատեսչության ամփոփագրում։
Բացի այդ, «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները շարունակել են հարձակողական գործողությունները և պարտության մատնել ուկրաինական տասը բրիգադների՝ Լյուբիմովկայի, Մալայա Լոկնյայի, Նովի Պուտի, Նովոիվանովկայի և Պլյոխովոյի շրջաններում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5: 30-ին հարձակման են անցել Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով․ նրանց առաջխաղացումը դադարեցվել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, կրակում է նաև քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։