ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի և Օրյոլի շրջանների վրա ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 19.00-ից մինչև 19.30-ը Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։