Քասախում երիտասարդ աղջկա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտե
Դեպքի վայրի զննություն է իրականացվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Քասախ համայնքում մեկ անձի մահվան և երկու անձի ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նույն տնից ևս 2 անձանց ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ դեպքի վայրի զննություն է իրականացվել, այս պահին ակտիվ նախաքննություն է իրականացվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են։
Ըստ մամուլում տարածված լուրերի` մահացած կինը 24 տարեկան է, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում նրա ամուսինն ու եղբայրը։