ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում տղամարդկանց միջև կենցաղային հարցի շուրջ ծագած վեճը վերածվել է դանակահարության, ինչի հետևանքով մեկ անձ սպանվել է, մյուսը՝ ստացել է մարմնական վնասվածք։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել այսօր՝ ժամը 01։30-ի սահմաններում։ Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սերոբ Ս․-ն է։
Ըստ ոստիկանությունում ստացված տեղեկության՝ այսօր՝ ժամը 01։00-ի սահմաններում, Նոր Ուղի գյուղի Թումանյան 18 հասցեում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Գալուստ Գ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սերոբ Ս․-ի մարմնի տարբեր մասերին, վերջինս մահացել է։ Գալուստ Գ․-ն դանակով հարվածել է նաև Սերոբ Ս․-ի եղբոր՝ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սոս Ս․-ի ձախ ուսին:
«Ժամը 02։35-ի սահմաններում Գալուստ Գ․-ն ոստիկանների ու պարեկների կողմից հայտնաբերվել է ու երբ նրան փորձել են վնասազերծել, ոստիկաններից մեկը նկատել է, թե ինչպես է տղամարդը ձեռքի միջից փորձում հանել դանակը»,-գրում է կայքը։
Ոստիկաններին հաջողվել է տղամարդու ձեռքից դանակը խլել, նրան ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Արարատի բաժին։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կասկածյալը ձերբակալվել է։