ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում ջրամատակարարման 28 օբյեկտ է վնասվել, և 360 հազար մարդ զրկվել է խմելու ջրից: Այս մասին ասվում է Լիբանանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչության հայտարարության մեջ։
«Խմելու ջրի հասանելիությունից զրկվել են առավելապես Լիբանանի հարավում գտնվող անձինք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով: