Հովանավորչություն ու կոռուպցիա․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականների ինքնախոստովանության մասին

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ում երկու հիմնական ինքնախոստովանական հայտարարություններ են եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ «ռազբոռկաները» ցույց են տալիս հովանավորչության դրսևորումներն ու քաղաքական կոռուպցիայի լայն ներկայացվածությունը: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը։
Հայտնել ենք, որ երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։ Բանը հասավ փոխադարձ վիրավորանքներին։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ԱԺ-ում տեղի ունեցածում երկու հիմնական ինքնախոստովանական հայտարարություններ են եղել:
«Քննչականի նախագահն ակնարկում էր իշխանության ներսում գործող ընտրողական արդարադատության և միջնորդական ինստիտուտի մասին: Բնական է` գործող իշխանության պահպանման գլխավոր երաշխիքներից մեկը գործածվող կոմպրոմատային քաղաքականությունն է, որի ողջ մանրամասներից ու սխեմաներից, բնականաբար, ի պաշտոնե տեղյակ է ՔԿ նախագահը, և սպառնաց այն հանրայնացնել»,-գրել է Աբրահամյանը։
Ըստ նրա, երկրորդ ինքնախոստովանական հայտարարությունն արել է Հովիկ Աղազարյանը։ Նա ասել է մի բան, որի մասին ընդդիմադիր ողջ դաշտն ու իրավապաշտպաններն են տարիներով խոսում։
«Նա խոստովանեց, որ իշխանությունը կալանքն օգտագործում է որպես ճնշման միջոց: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու գործից մինչև իշխանության ընդդիմախոս բազմաթիվ քաղաքացիներ իրենց մաշկի վրա զգացել են աղազարյանական խոստովանության ծանր հետևանքները»,-գրել է Աբրահամյանը։