Եթե Քյարամյանը պաշտոնանկ չարվի, ՔՊ-ի գզվռտոցները կփլուզեն իշխանության բուրգը․ Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանն ու Արգիշտի Քյարամյանը
Քաղաքագետը կարծում է, որ Արգիշտի Քյարամյանն իր պահվածքով ձեռնոց նետեց ոչ միայն պատգամավորներին, այլև շարքային քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանության ներսում հակասություններն արդեն անհաղթահարելի են, և դրանք ակնհայտ ներկլանային պայքարի են վերածվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով երեկ ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։
«Կոնֆլիկտի նման ընդգծված դրսևորում առաջին անգամ էինք տեսնում, բայց սա ՔՊ-ի ներսում հասունացող գզվռտոցի այսբերգն է ընդամենը, որ պայթեց։ Այս ամենը խոսում է իշխանության թուլացման մասին, ինչքան էլ արտաքուստ դա տեսանելի չէ»,- ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Արգիշտի Քյարամյանի երեկվա պահվածքը, ռեպլիկի վերաբերյալ նրա արտահայտությունը, թե այս երկրում մարդ չի ծնվել, որ իրեն դիտողություն անի, նետված ձեռնոց է ոչ միայն պատգամավորի, այլև քաղաքական ղեկավարության, ընդդիմության, շարքային քաղաքացիների հասցեին։
Սուրեն Սուրենյանց
«Առանց չափազանցության ՝ Քյարամյանի պահվածքը սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություն է։ Եթե Փաշինյանը շատ արագ կադրային խնդիր չլուծի, նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հեղաշրջում կհասունանա»,-ասաց նա:
Սա Քյարամյանի դեբյուտն էր ԱԺ–ում, հաջորդ անգամ ավելի պատրաստված կլինի. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական վերլուծաբանը չի հավատում ՔՊ-ական պատգամավորների գործողությունների ազատությանը` հիշեցնելով, որ բազմաթիվ դեպքերում, երբ ընդդիմությունն էր հալածվում կամ քաղաքացիների իրավունքներն էին ոտնահարվում, նրանք լուռ հետևում և ծափահարում էին նույն իրավապահ մարմինների ղեկավարներին, այդ թվում` Քյարամյանին։
Ըստ Սուրենյանցի` ԱԺ-ում հստակ պարզվեց, որ այն, ինչի մասին խոսում էր ընդդիմությունը և դրա համար գամվում անարգանքի սյունին, ճիշտ էր։
«Հայաստանում հովանավորչություն կա, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն էին պնդում։ Քննչական կոմիտեն էլ իր հերթին մի շարք քրեական գործեր որպես մահակ է օգտագործում այս կամ այն պատգամավորի բերանը փակելու համար»,- ասաց նա։
Վերլուծաբանը վստահ է, որ Աղազարյանը կոնֆլիկտի հիմնական կողմը չէ, նա ընդամենը խոսնակ է։ Իշխանությունում ավելի ազդեցիկ բևեռներ կան։
«Խոսում են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ինչու ոչ` նաև Քյարամյանի թևերի մասին»,– հավելեց նա։
Սուրենյանցի խոսքով` եթե հովանավորչության մասին հայտարարություններն ուղղակի օդում ասված խոսքեր չեն, ապա դրա հետ կապված պատգամավորները պետք է ենթարկվեն քրեական հետապնդման և զրկվեն մանդատներից. այդ ժամանակ գուցե մարդիկ հավատան, որ Նիկոլ Փաշինյանը վերահսկում է իրավիճակը, հակառակ պարագայում այդ գզվռտոցները փլուզելու են իշխանության բուրգը։
Հայտնի է` ով է «սև շորերով պատգամավորը». Քյարամյանից բացի էլ ումից է ուզում ազատվել ՔՊ–ն