Սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ, գետերի ջրի ելքերի զգալի մեծացում. Գագիկ Սուրենյան

Արևմուտքից ներթափանցած ակտիվ տեղումնաբեր ցիկլոնն արդեն Հայաստանում է։ Դրանով պայմանավորված առաջիկա մի քանի օրերին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Sputnik
Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 -ից 18 -ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
Հոկտեմբերի 17-19-ը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Եղանակային այլ անակնկալների մասին առավել մանրամասն Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնի կտրուկ ակտիվացումը մենք սպասում ենք հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամերին, և այդ ակտիվ վիճակը կպահպանվի մինչև հոկտեմբերի 18-ի առավոտը` ներառյալ»,– ասել է Սուրենյանը`պարզաբանելով, որ այդ ընթացքում ՀՀ–ում սպասվում են հորդառատ անձրևներ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրենը չի բացառում, որ այդ օրերին Հայաստանում, այդ թվում` Երևանում կթափվի ամսական նորմայի չափ անձրև։
Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ին առանձին բարձրլեռային հատվածներում կտեղա թաց ձյուն։