ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. 2024 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 249 դեպք և կիրառվել է շուրջ 131 մլն դրամի չափով տուգանք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 65.6 մլն դրամի չափով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերով 1 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման, կացության կազմակերպման, հանրային սննդի (չունի սրահ), հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում, ինչպես նաև մթերային խանութում։
Տուգանված տնտեսվարողները կամ անհատ ձեռնարկատերեր են, կամ ՍՊԸ–ներ։