ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությունը 300 ՄՎտ հզորության էլեկտրաէներգիա պահեստավորելու շուրջ բանակցություններ է վարում Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ վթարային ռեժիմների դեպքում Ռուսաստան հնարավոր մատակարարումներ ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է ընկերության վարչության անդամ Ալեքսանդրա Պանինան։
Որոշումը կապված է էներգահամակարգում հնարավոր վթարների հետ, սակայն «Ինտեր ՌԱՕ»-ն նախատեսում է սեփական ուժերով հաղթահարել էներգասպառման հետ կապված հնարավոր խնդիրները:
«Համակարգային օպերատորի խնդրանքով մենք դիմել ենք Վրաստանին և Ադրբեջանին, որպեսզի մեզ համար 300 ՄՎտ հզորություն պահեստավորեն հնարավոր մատակարարումների իրականացման նպատակով։ Նրանք դեռ չեն պատասխանել, բայց մենք հարցում ենք արել», - պարզաբանել Է Պանինան։
Նրա խոսքով` «Ինտեր ՌԱՕ»-ն շարունակում է մինչև 300 ՄՎտ հզորության էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստան՝ օգտվելով աշնանային շրջանի բարենպաստ պայմաններից: Մատակարարումները համաձայնեցված են ՌԴ միասնական էներգետիկ համակարգի համակարգային օպերատորի հետ, սակայն ձմռան և ցրտերի վրա հասնելուն պես էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը կարող է փոխվել, ինչը կհանգեցնի դրանց ծավալների վերանայման։
Բացի այդ, «Ինտեր ՌԱՕ»-ն ակնկալում է 2024 թվականի չորրորդ եռամսյակում ավելացնել Ղազախստանի ուղղությամբ էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ղազախստանը` որպես ռուսական էլեկտրաէներգիայի հիմնական գնորդ, էներգիայի սուր պակաս է ունենում և այն ձեռք է բերում առևտրային պայմանագրերով, ինչպես նաև էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի շրջանակներում։ Ալեքսանդրա Պանինան նշել է, որ պայմանավորված ձմռան գալով և եղանակային պայմանների վատթարացմամբ՝ Ղազախստանում սարքավորումների վթարայնությունը կարող է աճել, ինչը զգալիորեն կմեծացնի ռուսական էլեկտրաէներգիայի պահանջարկը:
Ընդ որում` չնայած Ղազախստանի ուղղությամբ արտահանման ավելացման ծրագրերին` «Ինտեր ՌԱՕ»-ն դեպի Թուրքիա մատակարարումները վերսկելու համար բավարար ծավալներ չունի, քանի որ Ռուսաստանի հարավում էլեկտրաէներգիայի ծավալն անբավարար է: