ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2026 թվականից ամբողջությամբ անցում կատարել աշխատանքային էլեկտրոնային պայմանագրերի։ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը քննարկվեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։
Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ նախարարության առաջարկած փոփոխությունները թույլ կտան հետևել գործատուների պայմանագրային պարտականությունների կատարմանը և բուն պայմանագրերի կազմմանը։ Նրա խոսքով` էլեկտրոնային համակարգը պետք է մշակի ՊԵԿ–ը, իսկ այդ համակարգի հասանելիություն պետք է ստանան հարկային տեսչությունը, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն ու միգրացիոն ծառայությունը։
Հաշվի առնելով անցկացված քննարկումները` առաջարկվում է համակարգը ներդնել փուլ առ փուլ` կամավոր սկզբունքով 2025 թվականի հունիսի 1-ից, պարտադիր` 2026 թվականի հունվարի 1-ից։
«Հայաստանն առաջին երկիրը կլինի, որն ամբողջությամբ կներդնի այդ համակարգը։ Ուստի անցման փուլային մեթոդն ընտրվել է մարդկանց նախապատրաստելու համար։ Իհարկե, կան ռիսկեր, բայց մենք փորձել ենք հաշվի առնել դրանք և առավելագույնս կառավարելի դարձնել։ Դրանք այնքան շատ չեն, որպեսզի հետ կանգնենք այս գաղափարից», – ասաց Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ աշխատող բոլոր քաղաքացիները 2025 թվականից պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն կամ նույնականացման այլ եղանակ, իսկ 2026 թվականից պետք է ներկայացնեն ֆինանսական հայտարարագրեր։ Այսինքն` որևէ լրացուցիչ բեռ աշխատող քաղաքացիների և գործատուների համար չի լինի։
«Համակարգում կերևան ոչ միայն ստորագրված, այլև խզված պայմանագրերը, այսինքն` ամբողջ շղթան, և հնարավոր կլինի օբյեկտիվ տեղեկություն ստանալ աշխատաշուկայի վերաբերյալ», – ասաց պաշտոնյան։
Հանձնաժողովը միաձայն հավանության արժանացրեց փոփոխությունները։