ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ղազախստանի ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում կայացել է Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացման արարողությունը, որին ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան հանդես են եկել ողջույնի խոսքով: Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդել է մշակութային ծրագիր:
Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի բացման արարողություն
© Photo : official site of the President of RA
Հիշեցնենք` մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնի ճեմասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատրաստվել է Ս. Փարաջանովի թանգարանի կողմից։
Հոկտեմբերի 16–ին այդ նույն թատրոնում հանդես կգա Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը։
Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կցուցադրվեն նաև հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։