Ես «զոնտիկ» բռնող, դուռ բացող չունեմ․ Ավինյանի ու Զարոկյանի լեզվակռիվը ավագանու նիստում

Երևանի ավագանու անդամի ելույթից հետո նրա խոսափողն անջատեցին և դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ելույթը լեզվակռվի վերածվեց, որից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նրան նկատողություն հայտարարեց և դուրս հրավիրեց դահլիճից:
Զարոկյանն իր ելույթում նշեց, որ կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությունն ու ամենավատ ձևով է ազդում խոցելի խավերից մեկի՝ երեխաների անվտանգության և առողջության վրա։ Նրա խոսքով՝ մեկ տարի է անցել նոր քաղաքապետի ընտրությունից, բայց իրենք բազմիցս թալանի հետքեր են բացահայտում։
Նա հիշեցրեց լրատվամիջոցներից մեկի բացահայտումը համակարգային կոռուպցիայի վերաբերյալ և նշեց, որ 10 մլրդ դրամ մսխվել է Տիգրան Ավինյանի ղեկավարած «ԱՆԻՖ»-ում։
««ԱՆԻՖ»-ում աշխատանքի էին ընդունվել անվտանգության 8 աշխատակիցներ, որոնցից 3-ը՝ աղջիկներ և հիմնականում պաշտոնյաների հարազատներ, և ստանում էին 540,000 դրամ աշխատավարձ՝ մեր փողերից։ Հետաքրքիր է, որ գրասենյակը գտնվում էր մի շենքում, որն արդեն ուներ 24-ժամյա հսկողությամբ անվտանգության աշխատակիցներ։ Պարոն Ավինյան, գոնե ընենց աշխատանքի տեղավորեիք, որ հավատայինք, օրինակ ձեզ համար դուռ բացող, զոնտիկ բռնող։ Դուք 86,000 դոլարանոց «Մերսեդես» եք գնել , իսկ գիտեք, որ ամենահարուստ քաղաքների քաղաքապետերն անգամ մեքենա չունեն»,-ասաց Զարոկյանը։
Նա ընդգծեց, որ ժողովրդավարական երկրում նման կոռուպցիայի բացահայտումից հետո առնվազն քրեական գործ կհարուցվեր Ավինյանի դեմ, այլ ոչ թե երևույթի դեմ։
«Բայց մեզ մոտ ՔՊ վերնախավը շաբաթական 2 անգամ հանդիպում է, ծիծաղում, նկարվում, և տպավորություն է, որ այդ գումարներն իրար մեջ են բաժանում»,-ասաց նա։
Ավագանու անդամը ցույց տվեց դպրոցների մարզադահլիճների փոսերի նկարներն ու նշեց, որ քաղաքային իշխանությունն անգամ այդ դահլիճների մեխերը հանել չի կարող։
Այս խոսքերից հետո Զարոկյանի խոսափողն անջատեցին, որից ավագանու անդամն ավելի բորբոքվեց։
«Պարոն Զարոկյան, ձեր չափերը ճանաչեք, ես ձեզ անում եմ նկատողություն։ Դատարկաբանությանը երբեք չի կարելի արձագանքել։ Դուրս եկեք դահլիճից։ Երեխաների անվտանգությունից ելնելով ձեր նման անձանց չի կարելի դպրոց ներս թողել։ Թե ձեզ թվում է՝ սա ձեր տունն է, մոտակայքում էլ ձեր կինն է կանգնած, որ կարող եք անպատիժ դուրս գալ այս ամենից»,-ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքերից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, որը րոպեներ անց կարգավորվեց, երբ Զարոկյանը դուրս եկավ դահլիճից։ Ավինյանը Զարոկյանի դուրս գալուց հետո միայն արձագանքեց նրա խոսքերին։
«Ես ուզում եմ հատուկ տեղեկացնել բոլորին, ովքեր չգիտեն, ես չունեմ անվտանգության աշխատակից, «զոնտիկ» բռնող, Երևանում քայլում եմ մենակ կամ ընկերներիս հետ, ավտոմեքենան էլ անձամբ եմ վարում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2024 թ. մայիսին կառավարությունը որոշել է լուծարել ANIF–ը։ 2022–2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական կոմիտեն ուսումնասիրում է այդ գործերը։
Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թ. ANIF–ում հայտնաբերեց նաև հաշվետվությունների և կառավարման հետ կապված խնդիրներ, ինչը հանգեցրեց դրա գործունեության սահմանափակմանը ՀՀ կառավարության կողմից: