ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը շտապում է Հայաստանին իր պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, ինչը բացատրում է Բաքվի ռազմատենչ հռետորաբանության և կոշտ հայտարարությունների ուժեղացումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ռոբերտ Ուստյանը։
Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ռազմական ղեկավարության հետ և, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, հանձնարարել է բարձր պահել զորքերի մարտունակությունը՝ պատրաստ լինելով կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել «պայմանական սահմանին» «ռևանշիստական ուժերի սադրանքների» դեմ: Հայաստանում այդ հայտարարություններն ընկալվել են որպես նոր ագրեսիայի հնարավոր նախապատրաստություն։
«Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը գնալով ավելի կոշտ բնույթ է ստանում․ դրանք և՛ Իլհամ Ալիևի հայտարարություններն են, և՛ այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովի վերջին սպառնալիքները։ Ես դա կապում եմ նրա հետ, որ Բաքուն ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել իր պայմաններով։ Ադրբեջանը հասկանում է, որ ժամանակը, որքան էլ պարադոքսալ է, իր կողմից չէ։ Եվ դա, առաջին հերթին, կապված Է Ուկրաինայի հետ», - ասել է Ուստյանը։
Նրա կարծիքով, Ռուսաստանի հաղթանակը վաղ թե ուշ կհանգեցնի նրան, որ Մոսկվան կկարողանա լիարժեք «վերադառնալ» Հարավային Կովկաս։ Այդ հեռանկարն էլ վախեցնում է Ադրբեջանին, որն ընդունել է Արևմուտքի առաջարկը՝ խաղալ իր կանոններով և համաձայնել է Իրանին հարվածելու համար դառնալ պլացդարմ։
Քաղաքագետը նշում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ամբողջությամբ վերահսկվում են պետության կողմից, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ակտիվորեն ձևավորում են տեղեկատվական օրակարգ: Նրա կարծիքով՝ արևմտյան կոալիցիան ձգտում է վերահսկողության տակ վերցնել այդ երթուղին՝ Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու համար:
«Ինձ թվում է, որ արևմտյան կոալիցիան, բառիս լայն իմաստով, որն իր մեջ ներառում է ԱՄՆ-ը, Թուրքիան, Իսրայելը և բուն Ադրբեջանը, ցանկանում է այդ երթուղին վերցնել իր վերահսկողության տակ և հնարավոր հարձակման նախաշեմին Իրանին խոցելի դարձնել», - նշել է քաղաքագետը:
Հայաստանի համար, Ուստյանի կարծիքով, այդ սպառնալիքը չեզոքացնելու միակ միջոցը Ռուսաստանի հետ լիարժեք ռազմաքաղաքական համագործակցությանը վերադառնալն է։ Երևանը պետք է հասկանա, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռելու փորձերը չափազանց վտանգավոր են։ Արևմուտքի հետ համագործակցության միաժամանակյա ձգտումը և ԵԱՏՄ-ին անդամակցությունը ՀԱՊԿ-ի հետ կապերի թուլացման դեպքում կարող են հանգեցնել լիակատար ճգնաժամի։
Այնուամենայնիվ, վարչապետ Փաշինյանի վերջին գործողությունները զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովին և նրա մտադրությունը՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովին, խոսում են այն մասին, որ հայաստանյան ղեկավարությունը սկսում է գիտակցել արևմտյան խոստումների պատրանքային լինելը։ Սակայն Ռուսաստանը նույնպես պետք է վերանայի իր քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում, հատկապես անվտանգության հարցերում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի դասերը։
Երկու երկրների հարաբերությունները, հատկապես անվտանգային ոլորտում, չպետք է կառուցվեն հին ձևերով։ Երկու կողմերն էլ կարիք ունեն որակապես նոր ռազմաքաղաքական համագործակցության և հարաբերությունների վերաձևավորման, ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում, ամփոփել է Ուստյանը: