Բացահայտվել է Երևանի Իսակովի պողոտայում կատարված սպանությունը

Վարորդը, հետապնդելով 36–ամյա տղամարդուն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ առաջնային մակերեսներին։
Sputnik
Բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի և շտապօգնություն է անհրաժեշտ։ Նույն օրը՝ ժամը 11։57-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել շտապօգնության ենթակայանից, ըստ որի Արգավանդի խաչմերուկում դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, դանակ, պայուսակ, ներարկիչներ, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված տարա։
Պարզվել է, որ 2024թ․ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի 41–ամյա բնակիչը, իր կողմից շահագործվող «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, Արմավիրի մարզի «Զվարթնոց» բնակավայրից որպես ուղևոր վերցրել է նույն մարզի 36–ամյա բնակչին: Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող ճանապարհին գտնվող կամուրջի մոտ վերջիններիս միջև փոխադրման ուղեվարձի՝ սահմանվածից թանկ պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում սկսել են փոխադարձ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին։
Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է ավտոմեքենայից դուրս, որի ընթացքում 36–ամյա տղամարդը, իր հետ նախապես վերցրած դանակով հիշյալ ավտոմեքենայի վարորդին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, հարվածել է վերջինիս արմունկին և փորձել դիմել փախուստի։ Սակայն վարորդը, հետապնդելով 36–ամյա տղամարդուն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ առաջնային մակերեսներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
41–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որը հանձնարարվել է ոստիկանությանը։
Ձորաղբյուրի բնակիչը ոսկյա շղթայի համար սպանել է մորաքրոջ որդուն. նա կալանավորվել է