ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միայն Ժնևում է իմացել, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը չեղարկվել է։ ԱԺ հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունը հայտնում է, որ Սիմոնյանն այդ մասին ասել է այսօր Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ: Նրանք անդրադարձել են հանդիպման չեղարկմանը։
«Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն փաստին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երեք օր շարունակ շփումներ է ունեցել Ժնև այցելելու նախօրեին Դուշանբե քաղաքում անցկացված Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ, սակայն վերջինս որևէ կերպ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին, և հայկական կողմը միայն Ժնև ժամանելուց հետո է այդ մասին իմացել կազմակերպության քարտուղարությունից»,- նշված է ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի՝ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Սիմոնյան–Գաֆարովա հանդիպումը չեղարկվել է, ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։
Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել մարտի 22-ին Ժնևում։ Ըստ ԱԺ մամուլի ծառայության` Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հայտարարեց, որ բավական կառուցողական հանդիպում է եղել։
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան կարճ առանձնազրույց էին ունեցել նաև մայիսին (կրկին Ժնևում)։