ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 1 մլրդ 3 մլն դրամով էլեկտրական ամենագնացներ ձեռք բերելու որոշման նպատակահարմարությունը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան պարզել էր, ՀՀ ՆԳՆ-ն 1 մլրդ 3 մլն դրամով 2024 թվականի արտադրության 67 հատ «Volvo EX40» մակնիշի ամենագնացներ գնելու պայմանագիր է կնքել «Ավանտգարդ Մոթորս» ՍՊԸ–ի հետ։ Յուրաքանչյուր մեքենան արժե 19,7 մլն դրամ։
Գերատեսչությունը հայտնել է, որ ուսումնասիրել է եվրոպական մի շարք երկրների ոստիկանությունների կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների շարքը, ինչի արդյունքում նաև կազմվել է տրանսպորտային միջոցի ձեռք բերման տեխնիկական բնութագրի նախագիծ, որը դրվել է հանրային քենարկման:
«Ստացված առաջարկությունների, ինչպես նաև ավտոներկրողների շուկայի ուսումնասիրության արդյունքում կազմվել է վերջնական տեխնիկական բնութագիրը, որի օգտագործմամբ էլ համապատասխան գնման ընթացակարգերով ձեռք են բերվել 67 հատ «VOLVO EX40» էլեկտրական ավտոմեքենաներ»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Մատակարարումից հետո դրանք շահագործվելու են պարեկային ծառայության կողմից:
Հավելենք, որ ըստ տեխնիկական բնութագրերի՝ ամենագնացը լիցքավորվում է սովորական ռեժիմով 7 ժամում, իսկ արագ լիցքավորման դեպքում` 34 րոպեում: Ամենագնացների վազքը մեկ լիցքավորմամբ կլինի 450-476 կմ։ Մեքենաների գույնը սև է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլար արժողությամբ 21 էլեկտրոմոբիլ էր գնել, իսկ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն ձեռք էր բերել 49 էլեկտրոմոբիլ՝ 2,7 միլիոն դոլարով։