ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հարությունյանը նաև նշել է, որ հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։
Հիշեցնենք` Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել նաև մարտի 22-ին Ժնևում։ Ըստ ԱԺ մամուլի ծառայության` Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հայտարարել էր, որ բավական կառուցողական հանդիպում է եղել։