Չգիտենք` ով է. ուսուցիչները` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենին փոխելու մասին

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց
Ուսուցիչները չեն ուզում, որ օտար մարդ գա իրենց դպրոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենին պատրաստվում են փոխել, նոր պաշտոնակատար նշանակել։ Ռուսաց լեզվի ուսուցիչ Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս մասին տեղեկացել են սոցցանցերից։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե տնօրենի պաշտոնակատար է դառնալու ԱԱԾ պաշտոնյայի կինը։
«Չգիտենք` ով է, չենք ճանաչում։ Գուցե լավ մարդ է, գուցե լավ մանկավարժ է, տեղյակ չենք, բայց մենք մեր թեկնածուն ունենք, ինչո՞ւ է օտար մարդ գալիս, որ պաշտոնավարի»,– ասաց Ոսկանյանը։
Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ բարձրացավ այս դպրոցի շուրջ։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։
Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ուսուցիչը կալանավորվել է։