ԱԺ նախկին պատգամավորի հոր առևանգման վարույթով նաև Իրանի քաղաքացի է կալանավորվել

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ՝ քրեական վարույթից անջատված մասը` 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և առանձնապես խոշոր չափերի գումար պահանջելու դեպքի վերաբերյալ վարույթով կալանավորվել է ևս մեկ անձ՝ ԻԻՀ քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2022 թվականի հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օգոստոսի 2-ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է, իսկ օգոստոսի 11-ին հայտարարեց, որ առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քրեական վարույթից անջատված մասը` 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԻԻՀ նշված քաղաքացին Սուրեն Մանուկյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 84–ամյա տղամարդուն առևանգելու և շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի՝ 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ բացահայտման՝ ԻԻՀ քաղաքացին 3 մլն դոլարը կրիպտոարժույթի տեսքով ստանալու և թվային արժույթի դրամապանակ բացելու հարցով դիմել է ԻԻՀ-ում բնակվող իր մտերիմին՝ պատճառաբանելով, որ անձամբ չի կարող դա անել:
Բիթքոինի կրիպտոարժույթի հաշիվ-դրամապանակի տվյալները տրամադրելուց հետո, վերջինս, ԻԻՀ քաղաքացու խնդրանքով ձեռք է բերել նաև օտարերկրյա՝ ուկրաինական վիրտուալ հեռախոսահամար, որով բացել է «WhatsApp» բջջային հավելված, որով էլ հետագայում պետք է տարվեր բանակցությունները։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մարդուն առևանգելու և շորթման հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։ Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին ՀՀ ՔԿ-ում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված մեկ այլ քրեական վարույթով մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության համար։