Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով 2 մեղադրյալները կրկին կկալանավորվեն

Տուժողների լիազոր ներկայացուցչի և հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքներն ամբողջությամբ բավարարվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին ընտրվել է կալանքը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Նրա խոսքով՝ օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները։ Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հոկտեմբերի 7-ի և 11-ի որոշումներով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բեկանվել է։
«Տուժողների լիազոր ներկայացուցչի և հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումները բեկանվել են, և քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,-գրել է նա։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Քրգործ է հարուցվել նաև Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։