Հայկական ստարտափի «խելացի» ակնոցները կօգնեն կույրերին անցնել փողոցն ու ավտոբուս նստել

Տեսողական խնդիրներ ունեցող տղամարդ
Տեսողական խնդիրներ ունեցող տղամարդ
Ակնոցները համալրված կլինեն լիդարով օժտված (լուսային ռադար) մինի համակարգչով, որը կորոշի շրջակա օբյեկտների հեռավորությունը և ձայնային հուշումներ կփոխանցի օգտատիրոջը։ Նախատեսվում է նաև GPS քարտեզներով և Երևանի քաղաքային տրանսպորտի համակարգով սարք ինտեգրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական «See Free» ստարտափը խելացի ակնոցներ է ստեղծում, որոնք կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կօգնեն անվտանգ տեղաշարժվել քաղաքի փողոցներով։
Ավելի կոնկրետ` դրանք ոչ թե ակնոցներ են, այլ ակնոցի տեսքով մինի համակարգիչներ, որոնցում տեղադրված է պրոցեսոր և ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ աշխատող լիդար (լուսային ռադար): Լիդարը ֆիքսում է խոչընդոտները՝ պատեր, սյուներ, ծառեր, իսկ պրոցեսորն այդ տեղեկությունն փոխակերպում է ձայնային հուշումների («50 մետրից պատ է, երկու մետրից` սյուն» և այլն):
Կարելի է պատկերացնել, թե այդ սարքը որքան ծանրաբեռնված կաշխատի երևանյան փողոցներում, քանի որ անգամ լավ տեսողություն ունեցողը պետք է առանձնակի հմտություններ գործադրի մայրաքաղաքում տեղաշարժվելու համար` մի տեղ խանութի աստիճաններն են հասել մայթին, մեկ այլ տեղ գեղեցկության սրահն է «գետնի» տակ անցել` նկուղային հարկ տանող աստիճաններով փակելով մայթի կեսը...
Իհարկե, որքան լիդարը հզոր է, այնքան բարձր է նրա «շոշափելիության» հաճախականությունը, իսկ պրոցեսորի հզորությունը թույլ է տալիս ավելի արագ մշակել տվյալները։
«Սակայն որակը պետք է համապատասխանեցնել գնին. չէ՞ որ կույրերը, որպես կանոն, ամենաապահովված մարդիկ չեն»,– ասում է նախագծի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը։
Կարևոր է նաև ճիշտ մշակել քաշը, չափն ու արտաքին տեսքը, որպեսզի ակնոցը լինի հարմար և ավելորդ ուշադրություն չգրավի։
Ռուսաստանցիների ստարտափը Հայաստանում նոր բժշկական սարք է մշակել
Խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ ակնոցում պետք է մարտկոց տեղադրել սարքի աշխատանքը գոնե մի քանի ժամ, իսկ լավագույն դեպքում`ամբողջ օրն ապահովելու համար և միաժամանակ այնպես անել, որ ակնոցը թեթև մնա։ Լիցքավորումը նախատեսում են անլար անել, որպեսզի սարքից օգտվողները ստիպված չլինեն շոշափելով վարդակ փնտրել։ Միևնույն ժամանակ մշակողներին հաջողվել է նվազագույնի հասցնել սարքի ճառագայթումը, ինչը հատկապես կարևոր է`հաշվի առնելով, որ այն մոտ է աչքերին, հետևաբար`նաև ուղեղին։
«Մենք խորհրդակցել ենք բժիշկների հետ, և նրանք հաստատել են, որ ճառագայթման մակարդակը համադրելի է սովորական անլար ականջակալների հետ», – նշում է ստարտափի համահիմնադիր Արմեն Ստեփանյանը։
Դավիթ Գրիգորյանը և Արմեն Ստեփանյանը
Սարքում նախատեսում են ներդնել «Google»–ի, «Yandex»–ի և այլ ծառայությունների քարտեզները, որպեսզի այն կարողանա տեղորոշել հետիոտնային անցումները, ճանաչել ճանապարհային նշաններն ու նույնիսկ օգնել օգտվել հասարակական տրանսպորտից` հայտնելով, օրինակ, ավտոբուսի գալու ժամը։ Երևանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, նոր ավտոբուսներն արդեն համալրում է GPS–մոդուլներով, ինչի շնորհիվ դրանք երևում են «Yandex» քարտեզների վրա։ Դա հնարավոր է դարձել, քանի որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգն իր API–ը (միացումը իր ծրագրային կառավարմանը) փոխանցել է «Yandex»–ին։
Հայկական ընկերությունը Երևանի լուսացույցների «խելացի» համակարգի դեմո–տարբերակ է պատրաստում
«Եթե մեզ էլ փոխանցեն այդ API–ը, այդ տեղեկությունը կստանան նաև մեր օգտատերերը։ Մենք պատրաստ ենք մեր նախագիծը ներկայացնել քաղաքային իշխանություններին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին», – հավելեց Գրիգորյանը։
Սարքը ստեղծողները տվյալների մշակումն արագացնելու համար մտադիր են սերվերի կամ անմիջապես սարքի վրա պահպանել այն վայրերի մասին տեղեկությունները, ուր օգտատերը հաճախ է այցելում։ Դա թույլ կտա ավելի արագ դրանք բեռնել, ինչպես «Google»–ը և «YouTube»–ն են հաճախ կրկնվող որոնումներն ավելի արագ մշակում, քան նորերը։
«Հասկանալով, որ խոսքը վերաբերում է բավական զգայուն անձնական տվյալներին` մենք պետք է առավելագույնս ուշադիր լինենք անվտանգության հարցում և դրա համար կուսումնասիրենք պաշտպանության հնարավոր բոլոր եղանակները», – նշեց Արմեն Ստեփանյանը։
Արդեն հինգ տարի է` տղաները փորձում են կյանքի կոչել գաղափարը։ Ծրագրավորմամբ հիմնականում զբաղվում է հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի ուսանող Արմենը։ Բայց աստվածաբանական ֆակուլտետում սովորող Դավիթն էլ այս տարիների ընթացքում յուրացրել է ծրագրավորման և դիզայնի հիմունքները, որպեսզի կարողանան օգնել ընկերոջը։
«Արդեն զրուցել ենք սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց աջակցող մի քանի արտասահմանյան ասոցիացիաների հետ։ Նախագիծը նրանց շատ է դուր եկել, և նրանք ասել են, որ պատրաստ են հովանավոր փնտրել, որպեսզի մեզնից ակնոցներ գնեն ու փոխանցեն դրա կարիքն ունեցողներին։ Առավել ևս որ շուկայում առկա նմանատիպ սարքերը դեռ զգալիորեն ավելի թանկ են», – ասում է Դավիթը։
«See Free»–ն արդեն որոշակի միջոցներ է ներգրավել, բայց դա շատ փոքր գումար է։ Վերջերս նախագիծը հաղթել է դրամաշնորհային մի մրցույթում, որը կազմակերպել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Նախագծով հետաքրքրվել են նաև կոմերցիոն ներդրողները, սակայն ներդրումները դեռ շատ փոքր են։
«Մենք հետագա ֆինանսավորում ենք փնտրում, քանի որ դրանից է կախված, թե որքան շուտ կկարողանանք ավարտել նախատիպի մշակումը։ Նախատեսում ենք սերիական արտադրություն հիմնել այստեղ` Հայաստանում,», – նշում են ստարտափի հիմնադիրները։
«See Free» նախագիծը ներկայացվել էր վերջերս Երևանում կայացած «DigiTech» ամենամյա ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։