ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Արմենպրեսին» և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հայաստանի նախագահի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է, քանի որ այս պահին ամենակարևորն անվտանգության հարցն է։ Ըստ Խաչատուրյանի, հենց դա է խնդիրը, որը խանգարում է այս պահին որևէ հարց լուծել:
Անդրադառնալով Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիներին, Խաչատուրյանը վստահեցրել է, որ նրանց ազատ արձակման խնդրի ուղղությամբ ամենօրյա և անդադար աշխատանք է իրականացվում:
«Ինչպե՞ս կստացվի, որտե՞ղ կստացվի, ի՞նչ պայմանավորվածություն ձեռք կբերվի, դրա մասին ես հիմա չեմ էլ կարող խոսել, որովհետև այդ խոսակցությունների արդյունքում մենք ինչ-որ եզրահանգման պետք է գանք և պետք է հասկականք, թե ի՞նչը պետք է հիմք հանդիսանա կամ առիթ հանդիսանա, որպեսզի Ադրբեջանը համոզվի, որ իսկապես ռազմագերիների ազատ արձակումն անհրաժեշտ է», - ասել է ՀՀ նախագահը։
Վահագն Խաչատուրյանի դիտարկմամբ՝ այն աշխատանքները, որոնք իրականացվում են իշխանության շրջանակներից դուրս, պետք է նպաստեն և համահունչ լինեն այդ աշխատանքներին, այլ ոչ թե վիճակն ավելի սրեն, որպեսզի չխանգարեն այդ ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքներին:
Հավելենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։