ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ Վասիլի Լիվանովը շարունակում է ծանր վիճակում գտնվել Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի նյարդաբանության բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են բուժհաստատությունից։
Հոկտեմբերի 11-ին հիվանդանոցից հայտնել էին, որ Լիվանովի վիճակը վատացել է, այդ ժամանակ այն գնահատվել է ծանր։
«Նյարդաբանության վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը դեռ ծանր է», - ասել են բուժհաստատությունից:
Վասիլի Լիվանովին առավել մեծ ճանաչում է բերել Շերլոկ Հոլմսի դերը Իգոր Մասլեննիկովի «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները» (1979-1986) բազմասերիանոց ֆիլմում։
Ռուսական մուլտիպլիկացիայի դասական է դարձել Վասիլի Լիվանովի (Յուրի Էնտինի հետ համատեղ) «Բրեմենյան երաժիշտներ» (1969) մուլտֆիլմը՝ Գենադի Գլադկովի երաժշտությամբ։ Հանդիսատեսի խնդրանքով նկարահանվել է դրա շարունակությունը՝ «Բրեմենյան երաժիշտների հետքերով» (1972), իսկ 200-ին թողարկվել է «Նոր բրեմենյանները» ֆիլմը։ Լիվանովը հնչյունավորել է Կառլսոնին «Մանչուկը և Կառլսոնը» (1968) և «Կառլսոնը վերադարձել է» (1970) մուլտֆիլմերում, կոկորդիլոս Գենային՝ կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմերի շարքում (1969-1983), վիշապին՝ «38 թութակներ» և այս շարքի այլ մուլտֆիլմերում(1976-1991): Վասիլի Լիվանովի ձայնով էկրանին խոսում են մոտ 300 կերպարներ։