ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. 2020-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործը դեռևս նախաքննության փուլում է: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն իր պատասխան այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախկինում ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակուղղված գրոհների թիրախ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, միջազգային ահաբեկչության փաստերի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը», - ասվում է պատասխանում։
Քննչական կոմիտեից հրաժարվել են մանրամասներ հայտնել՝ նշելով, որ պահանջված տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ 2020 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղում 44–օրյա պատերազմի զոհերի թիվը կազմում է 3 825 մարդ։ 187 զինծառայողի և 21 խաղաղ բնակչի գտնվելու վայրն անհայտ է։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ–ում քրեական գործ է հարուցվել։ Բացի այդ, Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ և ՄԱԿ–ի Միջազգային դատարան։
2020 թ–ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն: Այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել յոթ շրջաններ (Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլի, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար և Լաչին), ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք բնակավայրեր։