Գրոզնիի դեպքից հետո ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ծառայությունների ոչ անվտանգ մատուցման հոդվածով

ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ կրակը մարված է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Գրոզնիում լցակայանում բռնկված հրդեհից հետո քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին։
«ՌԴ քննչական կոմիտեի Չեչենիայի Հանրապետության քննչական վարչության կողմից տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին և անզգուշության հետևանքով հանգեցրել են երկու կամ ավելի անձանց մահվան): Ներկայում հրդեհը մարվել է», – ասվում է հաղորդագրությունում:
Քննության շրջանակում պարզվում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև դեպքին առնչություն ունեցած անձինք:
Հիշեցնենք, որ այսօր Գրոզնիի լցակայաններից մեկում տեղի է ունեցել գազով ցիստեռնի հզոր պայթյուն, որին հաջորդել է հրդեհը:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ Գրոզնիում բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ, որից 2-ը՝ երեխա: