Ճապոնական ասոցիացիան՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր. նրանք ԱՄՆ-ի ճնշման տակ էին

Ասոցիացիային արդեն շնորհավորել են Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին, նախկին վարչապետ Ֆումիո Կիսիդան, ինչպես նաև Հիրոսիմայի և Նագասակիի քաղաքապետները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձած «Նիհոն Հիդանկե» ճապոնական ասոցիացիան երկար ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ի ճնշման տակ և մոռացության մատնված սեփական կառավարության կողմից: Այս մասին իր շնորհակալական խոսքում ասել է ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սուէիտի Կիդոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը։
«Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի ընդունման և ուժի մեջ մտնելու ձեռքբերումը հնարավոր է դարձել ատոմային ռմբակոծություններից հետո ողջ մնացածների շնորհիվ։ Ես կարծում եմ, որ այս մրցանակը նրանց ջանքերի ճանաչումն է։ Հիրոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած ողբերգություններից ի վեր մենք գտնվում էինք ԱՄՆ-ի ճնշման տակ և մոռացված էինք Ճապոնիայի կառավարության կողմից», - ասել է Կիդոն։
Ասոցիացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ձիրո Համաձումին իր հերթին հույս է հայտնել, որ նախորդ և ներկա սերունդների ջանքերը չեն սահմանափակվի Խաղաղության Նոբելյան մրցանակով, այլ կհանգեցնեն աշխարհում միջուկային զենքից լիակատար հրաժարման:
Ասոցիացիային արդեն շնորհավորել են Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին, նախկին վարչապետ Ֆումիո Կիսիդան, ինչպես նաև Հիրոսիմայի և Նագասակիի քաղաքապետները: Ճապոնիայի գործող վարչապետ Սիգերու Իսիբան, որը այցով գտնվում է Լաոսում, նույնպես ընդգծել է մրցանակի շնորհման կարևորությունը։ «Դա միջուկային զենքի վերացմանը նվիրված կազմակերպության բազմամյա ջանքերի ճանաչումն է», –ասել է նա:
Հիշեցնենք, որ 1945-ի օգոստոսին ԱՄՆ-ն ատոմային ռումբեր նետեց Հիրոսիմայի և Նագասակիի վրա, ինչը հանգեցրեց Հիրոսիմայում 140 հազար մարդու և Նագասակիում 74 հազար մարդու մահվան: Զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ էին։
Ի հիշատակ ողբերգության՝ ամեն տարի օգոստոսի 6-ին և 9-ին այդ քաղաքներում տեղի է ունենում «Խաղաղության արարողություն»։
Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը