ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը ակտիվորեն աշխատում են միջազգային ասպարեզում և հաճախ ունենում են իրադարձությունների վերաբերյալ նման գնահատականներ։ Այս մասին Աշխաբադում Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների բաց հատվածում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, և մեր գնահատականները աշխարհի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հաճախ շատ նման են», - ընդգծել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև փոխադարձ առևտրի միտումները լավն են, ապրանքաշրջանառությունը աճ է գրանցվում։
«Այս տարի մենք տեսնում ենք ապրանքաշրջանառության աճ։ Թեև այն չի վերականգնվել նախորդ տարվա անկումից հետո, բայց միտումը դրական է», - ասել է Պուտինը:
Նշենք, որ այսօր Աշխաբադում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները։ Թուրքմենստանի մայրաքաղաքում անցկացվող հանդիպումն առաջինն է Իրանի նախագահի ընտրվելուց հետո։