ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ընդգծել է, որ կառույցի այս տարեդարձն ուզում է զրոյական կետ համարել։
«Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ինչ–որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ, բայց ոչ այն առումով, որ կատարած աշխատանքը զրոյացվում է կամ դեն է նետվում։ Զրոյական կետ է այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում ՀՀ քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի խորանա երկրում արդարության և արդարադատության, օրենքի և օրնականության առկայության մասին»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` չնայած իրենց կատարած բարեփոխումների ցիկլը անցյալ տարի է ավարտին հասցվել, միևնույն է, կառավարության կայացրած որոշումները բավարար են այս փուլում քաղաքական անելիքն ավարտված համարելու համար։
Նա իր ելույթում ընդգծել է, որ արդարության հաստատումն իրենց քաղաքական թիմի առաջնային պահանջարկներից մեկն է, բայց իր կարծիքով` այսօր չեն կարող ասել, թե ՀՀ քաղաքացին արդարության զգացում ունի։ Վստահեցրել է` իրենք էլ շատ ժամանակ չունեն ՀՀ քաղաքացիների շրջանում այդ զգացողությունը ներդնելու համար։ Փաշինյանի խոսքով` Հայաստանի բնակիչները պետք է հասկանան, որ երկրում կա արդարադատություն և չկան արտոնյալներ` լինեն նրանքնախկին, թե ներկա իշխանությունից։
Այս ամենի հետ մեկտեղ ՀՀ վարչապետը նաև շեշտել է, որ 10 տարվա ընթացքում քննչական կոմիտեն անցել է կայացման յուրօրինակ փուլ ու հաջողություններ արձանագրել։
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ իր խոսքում նշել է, որ նախորդած տարիներին տեղի ունեցող գործընթացները միանգամայն համահունչ էին նախաքննական մարմինները գործադիր իշխանության համակարգից դուրս բերելու ռազմավարական նպատակին։ ՔԿ նախագահն ընդգծել է՝ ասվածի իրագործումը հնարավոր է դարձել միայն վերջին տարիներին՝ Հայաստանում զարգացող ժողովրդավարական բարեփոխումների աննախադեպ գործընթացների արդյունքում:
«Անցնող ժամանակը վկայում է, որ միասնական քննչական մարմնի գաղափարը նպաստում է նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքների ու մեթոդների միասնականացմանը, քննչական ապարատի կառուցվածքի կատարելագործմանը։ Նախաքննական մարմինների համակարգի բարեփոխումների արդյունքում այսօր հանրապետությունում գործող 2 նախաքննական կառույցները՝ քննչական և հակակոռուպցիոն կոմիտեները, հետևողական աշխատանք են իրականացնում մինչդատական վարույթը դատավարական նոր կարգավորումներին համապատասխան կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ»,– ասել է Քյարամյանը։
ՀՀ վարչապետը մի խումբ քննիչների հուշամեդալներ և շնորհակալագրեր է հանձնել իրավակարգի և օրինականության համար մղվող գործում ներդրում ունենալու համար։