Կուրսկի մարզում 15 բնակավայր է ազատագրվել. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

«Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկներ
գեներալ-մայորը հայտնել է, որ ռուսական զորքերը օրական մեկ-երկու բնակավայր են ազատագրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժը Կուրսկի մարզի 15 բնակավայր է ազատագրել, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտնել է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, պաշտպանության նախարարության գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը:
«Հակառակորդի գրաված բնակավայրերից 15-ն արդեն ազատագրվել են», - ասել է նա։
Ալաուդինովը հավելել է, որ ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ առաջ են շարժվում 10 տեղամասով և օրական մեկ-երկու բնակավայր ազատագրում։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։