Խնդրում եմ պարզաբանեք, թե ինչ հոդվածով եմ ես մեղադրյալ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահը դահլիճի պաշտպանական կողմից գնաց և նստեց որդու` Լևոն Քոչարյանի կողքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել որպես մեղադրյալ, դատական նիստը սկսելիս նա պարզաբանում խնդրեց դատարանից, թե ինչ հոդվածով է որպես մեղադրյալ:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։
«Այնուամենայնիվ, ես պարզաբանում չստացա, թե ինչ հոդվածով եմ մեղադրվում, ես կխնդրեի դատարանի քարտուղարը շտկի այն սխալը, որ արել է։ Ես նաև ծանուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին»,- դատական նիստի մեկնարկին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Դատավորն ասաց, որ այդ փուլին դեռ կհասնեն, և շուտով դատարանը հանգամանալից պարզաբանում կտա:
«Շատ կներեք, ես եկել եմ այստեղ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության՝ ես կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ մեկ նպատակով՝ ցույց տալու, չմտածելու, որ ես կարող է՝ վախեցել եմ դատարան գալուց։ Կարող էի գալ և նստել ոչ թե այստեղ, այլ դահլիճի մյուս մասում։ Դուք էլ եք գիտակցում, որ այստեղ խնդիր կա։ Եվ խնդրում եմ շտկվի այդ սխալը»,–ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ կարող է ընդհանրապես լքել դահլիճը, ընդգծելով, որ այս քրեական հետապնդումը սկսվել է շատ լուրջ խախտումներով
«Ուղղակի բռնաբարվում է օրենքը։ Հիմա վերսկսելը գոնե արեք այնպես, որ նման կարգի խնդիրներ չառաջանան»,–հավելեց նա։
Խոսքն ավարտելուց հետո Ռոբերտ Քոչարյանը դահլիճի պաշտպանական կողմից գնաց և նստեց որդու` Լևոն Քոչարյանի կողքին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):
2021 թվականի մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչեց անվավեր և հակասահմանադրական, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: 2021 թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Մարտի 1-ի գործով դատական գործընթացը վերսկսվեց. ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ նիստին
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ամբողջությամբ ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանց դեմ առաջադրված մեղադրանքները հիմնված էին միայն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վրա: Դատարանը որոշեց վերացնել նրանց նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցները, ինչպես նաև հանել նրանց գույքի կալանքը։
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերը նշված հոդվածով:
2024 թ. սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանը բեկանել է դատավոր Աննա Դանիբեկյանի` 2021 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
Վերաբացված գործով դատական առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 23-ին, որին Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր, քանի որ, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ծանուցված չի եղել ու այդ ժամանակ եղել է արտերկրում։