ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Բացատրական աշխատանքների արդյունքում Չարենցավանում մի քաղաքացի ինքնակամ զենք–զինամթերք է հանձնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 10-ին` ժամը 21։10-ին, իրավապահներն ահազանգ են ստացել, որ քաղաքացին զենք է թողնում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի հարակից տարածքում գտնվող պանելների մոտ:
«Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, երկփողանի հրացան, փայտյա արկղ, որտեղ եղել են 8 ականանետի համար նախատեսված արկեր՝ իրենց գլխիկներով, 5 լուսաձայնային պայթուցիչ, այլ տեսակի 13 պայթուցիչ, «Ֆ-1» տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 599 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփ»,– ասված է հաղորդագրությունում:
Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացրել «Սայգա» տեսակի ակոսափող հրազեն և 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին: