ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չի չեղարկել 2003 թվականի իր ֆեթվան (աստվածաբանական եզրակացությունը - խմբ.), որն արգելում է միջուկային զենքի ստեղծումը։ Այս մասին «Reuters»-ին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում ենք, որ գերագույն առաջնորդը որոշում չի կայացրել վերսկսել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը, որը Իրանը դադարեցրել էր 2003 թվականին»,- ասել է ԱՄՆ հետախուզական գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանցի խորհրդարանականների 39 հոգուց բաղկացած խումբը դիմել էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ միջուկային զենքի մշակումը թույլ տալու կոչով։
Իրանը տևական ժամանակ հայտարարում էր իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին, պնդելով, որ դրա նպատակը էներգետիկայի և բժշկական տեխնոլոգիաների զարգացումն է։ Իրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականին կնքած միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շրջանակում՝ Թեհրանը պարտավորվել էր պատժամիջոցների չեղարկման դիմաց էապես սահմանափակել իր միջուկային գործունեությունը։ Սակայն, 2018 թվականին, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից և պատժամիջոցները վերականգնվեցին, Իրանն աստիճանաբար կրճատեց իր պարտավորությունների կատարումը։
Վերջին տարիներին իրավիճակը սրվեց Իսրայելի մշտական սպառնալիքների ֆոնին, որը Իրանի միջուկային ծրագիրը համարում է լուրջ մարտահրավեր իր անվտանգության համար։ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է ռազմական միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտա Իրանին միջուկային զենք ստեղծել: