ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ինչպես բնության մեջ են մեծ ճնշման տակ գոյանում ադամանդները, այնպես էլ հայ ժողովուրդն է հանճարներ ծնում՝ իր պատմական ճանապարհին բազմաթիվ դժբախտություններ վերապրելով։ Այս համեմատությունն արեց հայտնի լրագրող Էդվարդ Սախինովը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ներկայացնելով հայտնի հայերի մասին իր նոր գիրքը։
Սանկտ Պետերբուրգի «Սուպեր» հրատարակչությունում լույս է տեսել Սախինովի «Հայ ժողովրդի մարդկային կապիտալը» ժողովածուն, որը պատմում է տարբեր ոլորտներում բարձունքների հասած ավելի քան 50 հայերի մասին։
«Մյուս ազգերը նման բան չունեն։ Հայերի շրջանում շատ բարձր է ականավոր անձանց տոկոսը, ընդ որում, հաճախ նրանք հաջողության են հասնում անբարենպաստ պայմաններում, ինչպես թանկարժեք քարերը, որոնք բյուրեղանում են Երկրի ընդերքում։ Մինչ օրս ամբողջ աշխարհն ապշում է, որ ղարաբաղյան միայն մեկ գյուղ ԽՍՀՄ–ին միանգամից երեք մարշալ է տվել»,- նկատեց ժողովածուի հեղինակը։
Սախինովը հավելեց նաև, որ հայտնի հայերից շատերը, որոնց անունները հիշատակվում են գրքում, հայտնի են դարձել ոչ թե Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս, ինչը խոսում է այն մասին, որ հայերը լավ են ադապտացվում արտերկրում։ Սակայն սա նաև վկայում է այն մասին, որ հայրենիքում տաղանդավոր մարդկանց ըստ արժանվույն չեն գնահատում։ Լրագրողի կարծիքով` նման դեպքերում տեղին է հայկական «Գնա` մեռի, արի` սիրեմ» ասացվածքը։
Արդեն մի քանի տարի է, ինչ Սախինովը Yandex Dzen–ով վարում է «Հայագետ» ալիքը, որից շատ հոդվածներ տեղ են գտել նոր գրքում։ Ընդհանուր առմամբ, մոտ երկու տարի է պահանջվել նյութերը հավաքելու և գիրքը նախապատրաստելու համար։
Ի դեպ, գրքի առաջին հոդվածը նվիրված է Մեսրոպ Մաշտոցին։
«Հայերն արդեն 1600 տարի է, ինչ ունեն իրենց ազգային այբուբենը, ինչը վկայում է շատ բարձր ինտելեկտուալ մակարդակի մասին։ Համեմատության համար նշենք, որ որոշ հետխորհրդային հանրապետություններ ԽՍՀՄ փլուզումից հետո անցում կատարեցին կիրիլիցայից լատինական այբուբենին, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը նրանց ազգային գիրը չէ», – ընդգծեց Սախինովը։
Նա երկրորդ հատորը հրատարակելու ցանկություն ունի, և նույնիսկ արդեն մի քանի անուն ունի աչքի առաջ, այդ թվում` կարդինալ Գրիգոր–Պետրոս Աղաջանյանն ու ԽՍՀՄ ինժեներական զորքի մարշալ Սերգեյ Ագանովը, որոնք կներկայացվեն նոր ժողովածուում։