ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՔՊ-ում դժգոհ են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից և, հնարավոր է, առաջիկայում մի ստորագրահավաք էլ նրան պաշտոնանկ անելու համար նախաձեռնվի։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Թերթը նշում է, որ ՔԿ-ն այս օրերին տոնում է կազմավորման 10-ամյակը, բայց միջոցառումներին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի մասնակցել, այլև անգամ ձևական ուղերձ չի հղել:
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի մասնակցությամբ կուսակցական նիստերին ՔՊ-ում եկել են որոշման, որ մինչև ընտրությունները պետք է ազատվել ոչ յուրային և իրենց կարծիքով՝ անվստահելի պաշտոնյաներից, այդ թվում՝ նաև Քյարամյանից։
«Հրապարակը» նաև հիշեցնում է, որ Քյարամյանն էլ իր հերթին պարգևատրել է ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, որը Գրիգոր Մինասյանի կադրերից է, և, ըստ լուրերի, նրա օրերն էլ են հաշված: Նշվում է, որ Քյարամյանին հեռացնելու ուղղությամբ ամենաակտիվ աշխատողը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։
Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։