Հայտնի է՝ ԱԺ–ում երբ կքննարկվի սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգը

Ազգային ժողով
Հիմնական զեկուցողը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, իսկ հարակից զեկուցողը՝ Սարգիս Խանդանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ Սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու հարցը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կքննարկվի հոկտեմբերի 21-ին ։ Տեղեկությունը հրապարակվել է Ազգային ժողովի պաշտոնական կայքում։
Ըստ հրապարակման՝ նիստում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։
Հիմնական զեկուցողն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ հարակից զեկուցողը՝ Սարգիս Խանդանյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։