ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահը խոստովանում է, որ մաքսային մարմինները բավականաչափ արդյունավետ չեն աշխատում թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ։
«Թմրամիջոցներ մենք միշտ էլ հայտնաբերել ենք, բայց մեր աշխատանքն իդեալական չէ և բարելավելու տեղ կա։ Դա կապված է թե՛ էլեկտրոնային համակարգի, թե՛ ռիսկի պրոֆիլների ստեղծման, թե կինոլոգիական կենտրոնի հնարավորությունների զարգացման հետ...»,–կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց պաշտոնյան։
Ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, անդրադառնալով աղմկահարույց «կոկաինի գործին», հերքել էր դրանց ներկրման մեջ ներգրավված լինելու մեղադրանքները, ինչպես նաև հարցադրում էր արել, թե ինչպես և ինչու է մաքսայինների աչքից վրիպել ավելի քան մեկ տոննա թմրանյութի ներմուծումը Հայաստան։
Ի պատասխան պրոֆիլային կառույցների աշխատանքի որակի մասին հարցի` Բադասյանը խորհուրդ տվեց համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ երկրներ։ ՊԵԿ ղեկավարը կարծում է, որ այդ խնդիրը համատարած է։
«Եթե մեր մաքսային մարմիններն ամբողջությամբ ստուգեն բոլոր բեռները, հերթերը կհասնեն վրացական Փոթի նավահանգիստ։ Իրականում պետք է ռիսկերի ճիշտ գնահատման համակարգ ունենալ, ճիշտ ընտրել բեռները՝ ավելի մանրակրկիտ զննելու համար»,- հավելել է նա։
Բնականաբար, շատ կարևոր է նաև այլ իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցությունը, նշել է Բադասյանը։