ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական 11 առաջատար բուհերի ներկայացուցիչներ ժամանել են Գյումրի՝ հայ դիմորդներին ներկայացնելու Ռուսաստանում անվճար ուսուցման հնարավորությունները և իրենց կրթական ծրագրերն ու գիտական նախագծերը: Հոկտեմբերի 10-ին մեկնարկած կրթական ցուցահանդեսում ներկայացվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ հումանիտար բուհերը՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտից (ՄՖՏԻ) մինչև Ա. Ն. Կոսիգինի անվան ռուսական պետական համալսարան:
Նոր Կյանք գյուղի դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Արմենուհի Ավագյանը ցուցահանդեսին եկել էր իր դպրոցի շրջանավարտների հետ: Նա վերցրել է ներկայացված բոլոր համալսարանների նյութերը մյուս աշակերտներին դրանց հետ ծանոթացնելու համար: Ավագյանի կարծիքով՝ կարևոր է, որ մարզերի դպրոցականներն իմանան արտերկրում անվճար կրթության հնարավորությունների մասին։
«Ուսուցիչները պետք է օգնեն աշակերտներին՝ գտնել իրենց ճանապարհը։ Մարզերի երիտասարդները պետք է տեղյակ լինեն Ռուսաստանում անվճար կրթության տարբերակների և այն մասնագիտությունների մասին, որոնք կարելի է այնտեղ ձեռք բերել», — ընդգծեց նա։
ՄՖՏԻ-ի ծրագրերով հետաքրքրվել են շատ այցելուներ։ Ավագյանը կարծում է, որ դա կապված է տիեզերագնացության, ավիացիայի, ՏՏ, մոլեկուլային կենսաբանության և նանոտեխնոլոգիաների ոլորտներում պահանջված ուղղությունների հետ. մասնագիտություններ, որոնք հեռանկարային են համարվում ապագայում: ՄՖՏԻ-ի ներկայացուցիչ Կիրիլ Միլլերը հայտնել է, որ բուհում արդեն սովորում են 74 ուսանողներ Հայաստանից, որոնց մեծ մասը Երևանից են, սակայն ինստիտուտը նպատակ ունի վերսկսել համագործակցությունը Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի հետ:
Ա. Ն. Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարանի Միջազգային կրթության ինստիտուտի տնօրեն Օլգա Շուլցը
© Asatur Yesayants
Ա. Ն. Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարանի Միջազգային կրթության ինստիտուտի տնօրեն Օլգա Շուլցը նշեց, որ չնայած պատժամիջոցներին, իրենց բուհում սովորում են ուսանողներ 81 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հունաստանից և Իտալիայից:
Ռուսաստանի Ա. Կոսիգինի անվան պետական համալսարանի Միջազգային կրթության ինստիտուտի տնօրեն Օլգա Շուլցը Ռուսաստանի առաջատար բուհերի կրթական ծրագրերի ցուցահանդեսի բացմանը (10 հոկտեմբերի, 2024 թ.), Գյումրի
«Սա խոսում է Ռուսաստանում կրթության նկատմամբ հետաքրքրության աճի մասին։ Մենք շատ ուսանողներ ունենք Հայաստանից, հատկապես ոսկերչությանն առնչվող մասնագիտություններով։ Օրինակ` Բոլիվիայից մի շատ տաղանդավոր հայ պատանի կա, ով եկել է սովորելու» «Ռոսսոտրուդնիչեստվո»–ի քվոտայով», - պատմել է Շուլցը։
Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄԻՐԵԱ) ներկայացուցիչ Ելենա Տարասովան ասաց, որ իրենց բուհը ոչ միայն անվճար ուսուցում է առաջարկում, այլև անվճար հանրակացարաններ է տրամադրում հայ ուսանողների համար: Բացի այդ, ուսանողները կարող են մասնակցել սպորտային մրցումներին, գիտական կոնֆերանսներին և կիբեռանվտանգության մրցույթներին:
Մոսկվայի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄԻՐԵԱ) ներկայացուցիչ Ելենա Տարասովան Ռուսաստանի առաջատար բուհերի կրթական ծրագրերի ցուցահանդեսի բացմանը
© Asatur Yesayants
«Ընդունելության քննությունները կարելի է հանձնել հեռավար և առանց որևէ ծախսերի։ Մեզ մոտ արդեն սովորում են ուսանողներ Հայաստանից՝ մոտ 30 հոգի, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ։ Նրանք տաղանդավոր են։ Հնարավոր է, որ ապագայում հենց հայաստանցի ուսանողն է ներկայացնելու մեր բուհն այս ցուցահանդեսին», - նշեց նա։
«Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Նահապետյանը, լինելով ցուցահանդեսում, ընտրել է մի քանի բուհ, այդ թվում՝ Կոսիգինի անվան համալսարանը: Նա հետաքրքրված է նկարչությամբ և նախատեսում է ծնողների հետ քննարկել ընդունելության հնարավորությունը: Անիի խոսքով՝ հայ ուսանողների համար անվճար քվոտաները Ռուսաստանում ուսումը բավականին մատչելի են դարձնում:
«Ֆոտոն» ճեմարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Նահապետյանը ռուսական առաջատար բուհերի կրթական ծրագրերի ցուցահանդեսի բացմանը
© Asatur Yesayants
Իսկ ահա ընկերուհիներ Նելլին և Աննան դեռ չեն կողմնորոշվել ընտրության հարցում․ նրանք խոստովանեցին, որ ներկայացված մասնագիտությունների առատությունը միայն բարդացրել է իրենց խնդիրը:
Գյումրու դպրոցի աշակերտուհի Աննան ռուսական առաջատար բուհերի կրթական ծրագրերի ցուցահանդեսի բացմանը
© Asatur Yesayants
2025-2026 ուսումնական տարում ռուսական բուհեր Հայաստանից 280 դիմորդ կարող է ընդունվել անվճար քվոտաներով։ Ծրագիրն ընդգրկում է բուհեր ամբողջ Ռուսաստանում, բացառությամբ Մոսկվայի պետական համալսարանի, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի, Դիվանագիտական ակադեմիայի և ռազմական համալսարանների: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել Երևանի Ռուսական տան սոցիալական ցանցերի էջերում: