ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում, մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, ժամը 21:49-ի սահմաններում։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ՃՏՊ–ի հետևանքով մեքենայի վարորդը` 1988 թվականին ծնված Ա․ Գ․–ն, տեղում մահացել է»,– ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ վարորդի դին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։