ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինան ակնկալում է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը կավարտվի 2025 թվականից ոչ ուշ։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Խորվաթիայում կայացած «Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա» գագաթնաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին «իրավիճակը դեպի խաղաղություն տեղափոխելու իրական հնարավորություն» կհայտնվի։
«Մարտի դաշտում իրավիճակը հնարավորություն է ստեղծում կատարել այդ ընտրությունը․ ընտրություն հօգուտ վճռական գործողությունների՝ պատերազմը 2025 թվականից ոչ ուշ ավարտելու համար»,-ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտարարել էր, որ չի պատրաստվում խաղաղության մասին պայմանավորվել Ռուսաստանի հետ, այլ պատրաստ է շարունակել պատերազմել: Նա դա բացատրել էր նրանով, որ «Ռուսաստանին խաղաղությունը կարելի է միայն պարտադրել»։ Զելենսկին նաև կոչ էր արել Ուկրաինայում խաղաղության երկրորդ գագաթնաժողով նախապատրաստել՝ Ռուսաստանի հետ հակամարտությունն ավարտելու համար, սակայն չէր մանրամասնել, թե ինչ է քննարկվելու դրա ընթացքում:
Կրեմլում հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է ռազմական հատուկ գործողությունը և կհասնի իր առջև դրված բոլոր նպատակներին: