ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Տևական ժամանակ փնտրվող ստեփանավանցու մարմինը 3 ամիս անց հայտնաբերվել է և դեպքի առնչությամբ 4 անձ` այդ թվում անչափահաս, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել 2024 թ. հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը` Լոռու մարզի Լոռի բերդ համայնքում։
«Քննությունը պարզել է, որ 5 անձ, այդ թվում 1 անչափահաս և վերջինիս եղբայրը, եղել են Լոռի բերդ բնակավայրի տներից մեկում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչի արդյունքում սպանել են Ստեփանավանի բնակիչ Հ. Մաղաքյանին, ապա վերջինիս դին «Opel Vectra» մակնիշի մեքենայով տեղափոխել և թաքցրել այլ վայրում։ Պարզվել է նաև, որ դիակը տեղափոխել են Ստեփանավան քաղաքի մոտակա դաշտավայր, որտեղ հրկիզել են այն և թաղել։ Դիակը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված անձանցից 3-ին մեղադրանք է ներկայացվել սպանության հոդվածով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, իսկ անչափահաս անձին` սպանության։ Բոլորը կալանավորված են։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։