ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը, այլ լիազորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որ նա ստորագրի։ «Աբովյան Time»–եթերում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտել է ՍԴ` սահմանադրականությունը որոշելու համար։
Պատգամավորը մանրամասնեց` ՀՀ վարչապետի ստորագրությամբ թուղթ չի գնացել Սահմանադրական դատարան, էլեկտրոնային եղանակով է ուղարկվել, իսկ ՍԴ դիմումների պատշաճ ձևը, ըստ կարգի, համարվում է ստորագրությունը և կնիքը։ Դրանից հետո ՍԴ-ն դիմում է ուղարկել կառավարություն, Մհեր Գրիգորյանը լիազորագրով ստորագրել է, որ համարվի պատշաճ ընդունված։
«Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, թե ամեն ինչի պատասխանատուն ինքն է, հիմա հարց` ՍԴ ուղարկել ես այդ փաստաթղթերը, ինչի՞ չես ստորագրել։ Իր ստորագրությամբ թուղթ չի գնացել, գնացել է դատարկ թուղթ, դիմում կառավարությունից։ ՍԴ–ն գրություն է ուղարկել, ասել է` ինչ–որ լիազորագրով մեկին տվեք, թող ստորագրի։ Նոր Մհեր Գրիգորյանին լիազորագիր են տվել, Գրիգորյանը ստորագրած փաստաթուղթ է ուղարկել։ Էլ ի՞նչ պատասխանատվություն պահանջենք այս մարդուց, ինքն ուզում է բոլորին պրոբլեմի մեջ գցի, ինքը մաքուր մնա»,–նշեց է Թովմասյանը։
Պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ՀՀ տարածքային ամբողջականության հետ առնչվող որևէ թղթի տակ ստորագրել։ Այս դեպքում կասի` Մհեր Գրիգորյանն է ստորագրել, այնուհետև նույն փաստաթուղթը տանելու է ԱԺ, արդեն իր խմբակցությանը «գցի կրակը», ասելով` «դե ԱԺ–ն է ընդունել»։
Թովմասյանը հատկանշական է համարում, որ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք նախկինում կառավարությունը այդ եղանակով ուղարկել է, դատավոր Երվանդ Խունդկարյանը միշտ գրել է, որ, օրինակ, սա չի համարվում պատշաճ դիմում և հատուկ կարծիք է գրել բոլոր այդպիսի գործերի մասով։ Սակայն սահմանազատման հանձնաժողովի փաստաթղթերի մասով նա ոչինչ չի գրել, արձակուրդում է եղել։
Բայց սա միակ զարմանալի իրավիճակը չէ։ «էնքան աբսուրդ բաներ են տեղի ունեցել, էդ մեր երկրի համար կարևորագույն փաստաթուղթը Սահմանադրական դատարանում ներկայացրել են երեք դատավոր` Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը, Վահե Գրիգորյանը և Էդգար Շաթիրյանը։ Այդ երեքից երկուսը կայացված որոշման մասին հատուկ կարծիք են գրել։ Եթե դուք էիք զեկուցում, էլ ինչի՞ եք հատուկ կարծիք գրել։ Իրենք իրենց ուզում են ապահովագրել»,–ասաց է նա։
Նույն դատավորները հատուկ կարծիքի մեջ գրել են, որ հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրել և դրա արդյունքում եկել են այն համոզման, որ իսկապես Անկախության հռչակագիրը խնդիր է։
«Բայց ձեզ ո՞վ է խնդրել։ Այդ դիմումի ո՞ր կետի համաձայն եք դուք իրավասություն վերցրել հռչակագիրը համապատասխանեցնելու Սահմանադրությանը։ Կառավարությունը միջսահմանային հանձնաժողովի սահմանադրականության հարցի համար է դիմել, որ լուծեք, ոչ թե հռչակագրի։ Ուրիշ միջազգային պայմանագրերը 3 ամսվա ընթացքում եք որոշում կայացնում, սա 14 օրում։ Արագ որոշումը կայացրել եք ու 14 օրվա մեջ էլ հասցրե՞լ եք հազարավոր փաստաթուղթ կարդալ, լո՞ւրջ եք ասում, ո՞ւմ եք դուք դրել հիմարի տեղ»,–հավելեց պատգամավորը։
Թովմասյանի խոսքով` դատավորները այդ կերպ փորձում են իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին իրենց շնորհակալությունը հայտնել ՍԴ դատավոր լինելու համար` վտանգելով մեր երկիրը։
«Փաստացի ասում են, որ մեր հռչակագիրը լավը չէ, ճիշտ չէ, բայց չէ որ մենք որպես երկիր հիմնադրվել ենք այդ հռչակագրով, այսինքն` մեր ֆունդամենտալ փաստաթուղթն է, երկրի ծննդյան վկայականը։ Դրանից հետո ինչ փաստաթուղթ էլ լինի, իրավական այն ուժը չի ունենա, որովհետև երկրի հիմնաքարը տակից հանում են»,–ընդգծեց Թովմասյանը։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։