Իրանում մի խումբ պատգամավորներ դիմել են ԱԽ` խնդրելով թույլատրել միջուկային զենքի ստեղծումը

Իրանի խորհրդարան
Իսրայելը բացեիբաց հայտարարել է, որ ռազմական միջոցներ կձեռնարկի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Իրանցի 39 խորհրդարանականներից բաղկացած խումբը դիմել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ կոչ անելով թույլատրել միջուկային զենքի մշակումը: Այս մասին հայտնել է դիմումի նախաձեռնող, պատգամավոր Հասանալի Էհլաքի Ամիրին։ Նրա խոսքը մեջբերում է «Didban Iran»–ը։
«Միջուկային զենքի ոլորտում Իրանի պաշտպանական քաղաքականությունը վերանայելու խնդրանքով նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ, այն արդեն ստորագրել է 39 պատգամավոր», – ասել է Ամիրին:
Հիշեցնենք` Իրանը երկար ժամանակ հայտարարում էր, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի` պնդելով, որ դրա նպատակը էներգետիկայի և բժշկական տեխնոլոգիաների զարգացումն է: 2015 թվականին Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շրջանակում Թեհրանը պարտավորվեց պատժամիջոցների վերացման դիմաց զգալիորեն սահմանափակել իր միջուկային գործունեությունը: Սակայն 2018 թվականին, երբ ԱՄՆ–ն դուրս եկավ համաձայնագրից, իսկ պատժամիջոցները վերականգնվեցին, Իրանն աստիճանաբար կրճատեց իր պարտավորությունների կատարումը:
Վերջին տարիներին իրավիճակը սրվեց Իսրայելի մշտական սպառնալիքների ֆոնին։ Իսրայելը, որն Իրանի միջուկային ծրագիրը համարում է իր անվտանգության լուրջ սպառնալիք, բացեիբաց հայտարարել է, որ ռազմական միջոցներ կձեռնարկի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար։
Սպառնալիքի դեպքում Իրանը կարող է փոխել միջուկային դոկտրինը. Խամենիի խորհրդական