Ինչո՞ւ ՀՀ–ն Մոսկվայում չմիացավ հայտարարությունների մի մասին. Բալասանյանը 2 պատճառ է նշում

ՀՀ ԱԳ նախարարը չի ստորագրել Մոսկվայում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված երկու հայտարարությունները։ Պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ սա ինքնուրույն որոշում չէ, այլ թելադրված է Արևմուտքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված հայտարարություններին չմիանալով` Հայաստանը ձեռք է բերում անվստահելի, անպատասխանատու գործընկերոջ համբավ, որը վերջին պահին կարող է որոշում փոխել ու հրաժարվել ինչ–որ փաստաթուղթ ստորագրելուց։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը չի միացել հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարություններից երկուսին` «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» փաստաթղթերին։
«Եվրասիայի տարածքում անվտանգության մասին հայտարարության մեջ, կարծում եմ, առաջին հերթին նկատի է առնվում տնտեսական, պարենային անվտանգությունը, որովհետև անվտանգությունը միայն զինված անվտանգությունը չէ։ Եվ այստեղ հարց է առաջանում. եթե այդ փաստաթղթին Հայաստանը չի միանում, այդ դեպքում մեր պատվիրակությունը ինչո՞ւ է գնում ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու, որովհետև ՌԴ նախագահը ամիսներ առաջ ազդարարեց մեծ եվրասիական համագործակցության ծրագրի մեկնարկի մասին, որը ենթադրում է Եվրասիա մայրցամաքում մեկ ամբողջական համակարգի հնարավոր ստեղծում` դրա մեջ ներառելով և Շանհայան համագործակցությունը, և՛ ԲՐԻԿՍ–ը, և՛ ԵԱՏՄ–ն, և ՀԱՊԿ–ը։ Հիմա, եթե սա չեն ստորագրել, այդ դեպքում այնտեղ էլ չպիտի գնան և հայտարարեն, որ սա չի համապատասխանում ՀՀ շահերին»,– նկատում է Բալասանյանը։
Միջազգային օրակարգի շուրջ տարաձայնություններ չկային. Լուկաշենկոն՝ ԱՊՀ գագաթնաժողովի մասին
Ըստ մեր զրուցակցի` ստեղծված իրավիճակը կարող է 2 պատճառ ունենալ. կա՛մ ՀՀ բարձրաստիճան իշխանության ներսում անհամաձայնություն կա, և վարչապետը մի բան է ասում, ԱԳ նախարարը մեկ այլ բան է անում, կա՛մ ի սկզբանե խնդիր է դրված եղել փաստաթղթերից մեկ–երկուսը չստորագրել` Արևմուտքին ցույց տալու համար, որ Հայաստանը ոչ բոլոր որոշումներին է միաձայն կողմ քվեարկում և սուվերեն, իր կարծիքն ունեցող պետություն է։
«Ես չեմ կարծում, որ սա ինքնիշխան որոշում է։ Ես կարծում եմ` ինչ–որ մի պահի Հայաստանին խորհուրդ է տրվել չստորագրել։ Ամեն դեպքում, կան խորհրդատուներ, որոնք դրսից անընդհատ գալիս, զանգում, գրում են, փորձում են ձեռքը պահել պուլսի վրա, և ամեն ինչ անում են, որ Հայաստանը հանկարծ չվերադառնա, իրենց կարծիքով, ՌԴ վերահսկողության գոտի, և հայ–ռուսական հարաբերություններում ջերմացում չնկատվի, որովհետև դա չի բխում իրենց շահերից»,– կարծիք է հայտնում մասնագետը։

Խաղաղության ձգտող ՀՀ–ն չի միացել հակամարտությունների կանխարգելման պատրաստակամությանը

«Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին»
հայտարարության մեջ, որին Հայաստանը չի միացել, խոսվում է գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին հավաքական պատասխաններ գտնելու, քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտության ներուժի նվազեցման, միջպետական հակասությունների պատճառների վերացման, նաև առկա հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանային նոր հակամարտությունների կանխարգելման գործում գործնական ներդրում ունենալու պատրաստակամության մասին:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խստորեն դատապարտում են ուժային թելադրանքի ցանկացած փորձ, որն ուղղված է այդ թվում Եվրասիայում ինտեգրման և իրավահավասար համագործակցության գործընթացների խափանմանը, և կոչ են անում ձգտել շահերի հավասարակշռման և փոխզիջումային լուծումների որոնման ՝ հակամարտությունները կանխելու և տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար»,– ասվում է փաստաթղթում:
Հարցին, թե ինչու է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ձգտող Հայաստանը հրաժարվել միանալ այս հայտարարությանը, Գրիգոր Բալասանյանը պատասխանեց. «Այստեղ միայն մի տաբերակ կարող է լինել. Հայաստանին խնդրել են չստորագրել։ Որովհետև, եթե մի պահ պատկերացնենք, որ Եվրասիայի տարածքում բոլոր հակամարտությունները կարգավորվում են, այդ դեպքում Եվրասիայից դուրս գտնվող պետություններն այլևս հնարավորություն չեն ունենա ազդել այդ պետությունների վրա և միջամտել կոնֆլիկների կարգավորմանը»։
Այս տեսակետից, ըստ Բալասանյանի, Արևմուտքին ձեռնտու է, որ տվյալ փաստաթուղթը հնարավորինս քիչ թվով պետություններ ստորագրեն, որպեսզի հետագայում այդ պետությունների միջոցով կարողանան ազդել տեղի ունեցող գործընթացների վրա։
Հայաստանին մոտիկ և հասանելի այլ «Եվրոպա», քան Ռուսաստանն է, չկա. Արմեն Աշոտյան
Փաստաթղթում կարևորվում է նաև ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության հետ փոխգործակցությունը, մասնավորապես` Եվրասիական տարածքում տրանսպորտային-լոգիստիկ, առևտրային, ֆինանսական և այլ ոլորտներում:

Հայաստանյան քաղաքական օրակարգում առաջնահերթություն համավող տրանսպորտային երթուղիներին վերաբերող հայտարարությունը մերժելը Գրիգոր Բալասանյանը պայմանավորում է Իրանի գործոնով։ Նրա խոսքով` Հայաստանին խորհուրդ է տրվել չխորացնել Իրանի հետ հարաբերությունները։
«Լոգիստիկ խնդիրների կարգավորման պարագայում ՀՀ–ից ավտոմեքենաները հնարավորություն էին ստանում հասնելու մինչև Պարսից ծոց, ինչը Հայաստանի համար տնտեսական լուրջ հնարավորություն կստեղծի, կխորացնի հայ–իրանական հարաբերությունները, իսկ դա ձեռնտու չէ որոշ կենտրոնների` ԱՄՆ–ի գլխավորությամբ»,– կարծիք է հայտնում Բալասանյանը` ցավ հայտնելով, որ ՀՀ իշխանությունն ուղղակի հանձնարարություններ է կատարում` առանց մտածելու երկրի ու ժողովրդի պետական շահի մասին։

Դատապարտող հայտարարությանը չմիանալով` Հայաստանն, ըստ էության, միանում է պատժամիջոցներին

Հաջորդ փաստաթուղթը, որն ԱՊՀ նախարարական խորհրդի նիստում չէր ստորագրել Հայաստանի ԱԳ նախարարը, «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների անթույլատրելիության մասին» հայտարարությունն է, որը, ըստ էության, դատապարտում է Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները։
Փաստաթղթում շեշտվում է, որ «որևէ պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը չի համապատասխանում ՄԱԿ–ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի նորմերին»: Իսկ պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ սոցիալ-տնտեսական զարգացմանը խոչընդոտող սահմանափակումների ընդունումից, տարածումից և կիրառումից։
Խոսելով այս փաստաթուղթը չստորագրելու մասին` Գրիգոր Բալասանյանը նախ հիշեցնում է, որ Հայաստանն ինքն էլ որոշ դեպքերում տուժել է ՌԴ–ի դեմ Արևմուտքի կիրառած սահմանափակումներից։
ՀՀ-ն և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել կարգավորման մասին. Լեբեդև
«ՌԴ–ից ՀՀ եկող տուրիստների թիվը նախորդ տրվա համեմատ 30 տոկոսով կրճատվել է հիմնականում այն պատճառով, որ Հայաստանում «Միր» համակարգը սկսեց չաշխատել։ ՀՀ քաղաքացիներն էլ ՌԴ–ում են խնդիր ունենում կանխիկացնելու հետ կապված, որովհետև ՌԴ–ում էլ «Վիզա» համակարգը չի աշխատում»,– արձանագրում է փորձագետը` տարակուսանք հայտնելով, որ այս խնդիրներն ըստ էության չեն անհանգստացնում ՀՀ իշխանություններին, որոնք պարբերաբար խոսում են տնտեսական աճի, ՌԴ–ի հետ առևտրի ծավալների ավելացման մասին։
«Միակողմանի սահմանափակումները դատապարտող հայտարարությունը չստորագրելով` Հայաստանն, ըստ էության, միանում է պատժամիջոցներին և չի հայտարարում, որ դրանք նաև իր տնտեսությանն են վնասում» ,– եզրակացնում է Բալասանյանը։
Որպես միջազգային և դիվանագիտական հարաբերությունների մասնագետ, Գրիգոր Բալասանյանն արձանագրում է, որ ստորագրման ներկայացված փաստաթղթերի մասին ՀՀ ԱԳՆ–ն տեղյակ է եղել մինչև Մոսկվա հասնելը, քանի որ նման միջպետական մակարդակի նախագծերը համաձայնեցման համար նախապես ուղարրկվում են մասնակից երկրներին։
«Ես վստահ եմ, որ Հայաստան ուղարկվել են այդ փաստաթղթերը։ Հետևաբար` կա՛մ չեն կարդացել, կա՛մ կարդացել են, բայց միջնորդություններն այնքան զորավոր են եղել, որ չեն կարողացել մերժել։ Երկու դեպքում էլ սա ահավոր է, և ՀՀ ԱԳՆ–ի վրա սա մեծ ստվեր է, որի համար պատասխան տվողը լինելու է ԱԳՆ–ն` նախարարի գլխավորությամբ»,– եզրակացնում է Բալասանյանը։
Պուտինը Փաշինյանին առաջարկել է հանդիպել Կազանում անցկացվելիք ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովում
Նրա գնահատմամբ`եթե ի սկզբանե որոշված էր չստորագրել համատեղ հայտարարությունները, շատ ավելի բանական կլիներ նախապես հայտարարել, որ դրանք ՀՀ շահերից չեն բխում ու այդ հիմքով հրաժարվել Մոսկվա մեկնելուց։