ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարներ Իմանգալի Տասմագամբետովի և ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Երմեկբաևի հանդիպմանը քննարկվել է երեք կազմակերպությունների փոխգործակցությունը, հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեն:
Սերգեյ Լեբեդևը նշել է, որ նոր մարտահրավերներն ու սպառնալիքները ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի ինտեգրացիոն ներուժի առավելագույն օգտագործում են պահանջում: Տարածաշրջանային անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ մասնակից երկրներից պահանջվում է փոխվստահության և համագործակցության բարձր մակարդակ, համատեղ որոշումներ կայացնելու միասնականություն:
«Մեր ավանդական հանդիպումը տեղի է ունենում միջազգային անվտանգության ամբողջ համակարգի և աշխարհակարգի վերափոխման շրջանում, որի հետևանքը ռազմաքաղաքական իրադրության թեժացումն է։ Ընդ որում, վերջին տարիների իրադարձությունները վկայում են ռազմական ուժի գործոնի կտրուկ աճի մասին, իսկ դիմակայությունը հիբրիդային պատերազմի բնույթ է ստանում՝ գործողություններ կիբեռտարածությունում, տեղեկատվական դիմակայություն և մի շարք այլ ուղղություններ, որոնք նախկինում բնորոշ չէին ավանդական պատերազմներին»,-ասել է Լեբեդևը։
Համաշխարհային կարգի նոր ճարտարապետության ձևավորումը, ԱՊՀ գլխավոր քարտուղարի խոսքով, ուղղակիորեն առնչվում է կազմակերպությունների մասնակից պետություններին՝ բազմաթիվ հիմնարար հարցեր բարձրացնելով միջազգային հարաբերությունների համակարգի հետագա բնույթի և տնտեսական, առևտրային, ներդրումային, տրանսպորտային, գիտական և մշակութային կապերի կառուցման վերաբերյալ։
Իսկ դա, շարունակել է նա, պահանջում է նաև ռազմավարական զսպման միջոցների ակտիվացում՝ որպես արտաքին քաղաքական գործունեության առանցքային տարր, որն ուղղված է միջազգային կայունության ամրապնդմանը, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի պետությունների ազգային անվտանգության ապահովմանը:
Այսօր երեք կազմակերպությունների պետությունները մասնակից են նոր աշխարհակարգի ստեղծմանը։ Լեբեդևն ընդգծել է, որ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները՝ նրանք պետք է պատրաստ լինեն նոր իրողություններին։
«Դրա հետ մեկտեղ ես վստահ եմ, որ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի համատեղ համախմբված գործողությունները կարող են բարձրացնել համագործակցության արդյունավետությունը բոլոր ուղղություններով։ Կարծում եմ, որ աշխատանքի զուգակցումը մեր կազմակերպությունների շրջանակում պետք է հուսալի գործիք դառնա միջազգային լարվածության նվազեցման և հակամարտությունների կանխարգելման համար, նպաստի անվտանգության ապահովմանը և ժողովուրդների բարեկեցության աճին»,-նշել է Լեբեդևը։
Իմանգալի Տասմագամբետովը և Նուրլան Երմեկբաևը նույնպես անդրադարձել են Եվրասիական տարածաշրջանում անվտանգության բարձրացման նպատակով ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի միջև փոխգործակցության ամրապնդման հարցերին: